Ովքե՞ր են արցախցիները, ինչու՞ ունեն ձեր օգնության կարիքը

Արցախը (նաև ՝ Լեռնային Ղարաբաղ) փոքրիկ երկիր է Հարավային Կովկասում, որը առանձնանում է իր չքնաղ բնությամբ, հարուստ մշակույթով ու հնագույն պատմությամբ։
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող այս երկրամասը Մեծ Հայքի պատմական նահանգներից մեկն է եղել: Արցախում գտնվում են մոտ 4000 պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում ՝ 370 հայկական եկեղեցիներ, 119 ամրոցներ, բազմաթիվ վանքեր, մատուռներ, տապանաքարեր և խաչքարեր։ Արցախում է գտնվում նաև հնագույն Տիգրանակերտ քաղաքը, որը հիմնադրել է Հայոց Տիգրան II Մեծ արքան (Ք.ա. 95–55թթ․)։
Արցախը հայկական քաղաքակրթության և ազգային ինքնության բնօրրանն է: Իր հավերժական պատմության ընթացքում, Արցախը գերազանցապես բնակեցված է եղել էթնիկ հայերով, ովքեր ականատեսն են եղել կայսրությունների վերելքին ու անկմանը, կրել են արյունալի պատերազմների ու կոտորածների ծանր հետևանքները: Այնուամենայնիվ, արցախահայության ոգին մնացել է աննկուն, ինչպես նաև ՝ հյուրընկալ, ջերմ և տոկուն։
20-րդ դարասկզբին՝ ԽՍՀՄ կազմավորման շրջանում, պատմական Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմում։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, որի արդյունքում 1994թ․ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախություն ձեռք բերեց։ 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում, փաստացի անկախ, բայց միջազգային ճանաչում չունեցող հանրապետությունը մեծ մարդկային ու տարածքային կորուստներ կրեց։ Ցավոք, ամենասարսափելին դեռ առջևում էր։
2022 թ․ դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները ապօրինաբար արգելափակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախի «կյանքի ճանապարհը», որը Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ուղին էր։ 9-ամսյա շրջափակումը հանգեցրեց հումանիտար ճգնաժամի․ Ադրբեջանի իշխանությունները արգելափակել էին սննդի, դեղորայքի և հումանիտար օգնության մատակարարումը Լաչինի միջանցքով՝ շարունակաբար խաթարելով նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Չնայած հումանիտար ծանր կացությանը, Արցախի ժողուվրդը չէր պատրաստվում հեռանալ իր հայրենիքից։
2023թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական նոր հարձակման հետևանքով, ավելի քան 100․000 հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը ու, առանց վերադարձի ակնկալիքի, տեղափոխվել Հայաստան։ Նրանք կորցրեցին ամեն ինչ՝ իրենց տները, ֆինանսական միջոցները, անձնական իրերը և գրեթե ամբողջ ունեցվածքը։
Չնայած հայրենակիցների գործադրած բոլոր ջանքերին և ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի մեկնարկին, արցախցիները հոգեբանական, ֆինանսական և բժշկական մեծ աջակցության կարիք ունեն։ Մասնավորապես, առաջնայինը բնակարանային ապահովման խնդիրն է։
Այս հիմնախնդիրի առկայությունը թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին թույլ չի տալիս հույսով նայել դեպի ապագան։ Արցախցիները նոր կյանք սկսելու ու երազելու իրավունք ունեն։ Հիմնադրամի բաեգործական նախաձեռնության նպատակը արցախցիներին մշտական բնակավայրով ապահովելն է Հայաստանում։ Նրանք մեզանից յուրաքանչ
յուրի աջակցության ու օգնության կարիքն ունեն։ Նույնիսկ փոքր նվիրատվությունը նրանց ավելի կմոտեցնի ապահով և անվտանգ ապագային։